Լավ, Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց մանդատից: Գորդյան հանգույցը հատվեց մի հարվածով` Հերման վան Ռամպոյին վաղը երբ ներկայացնեն «Հարսնաքարում» կատարված սպանությունը, չեն կարող չասել, որ մանդատը վայր դրեց պատգամավորը, ում պատկանում է «Հարսնաքարը»: Երբ դուրս գան Ազգային ժողովի առաջ բողոքի ցույցի, չեն կարող չհասկանալ, որ հասցեն սխալ են ընտրել` Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր է դրել: Ընդհանրապես այս մի քանի օրում կուտակված թույնի, չարության ու մոլեռանդության մեջ արդեն թվում էր, որ զոհված բժիշկն ու նրա մահը 64-րդական դեր ունեն, կարևորը Ռուբեն Հայրապետյանի մանդատն է, որի համար հայտարարված էր մրցույթ` ով ավելի շատ կխփի, նա ամենամեծ պարգևը կստանա:
Ընդհանրապես այս մի քանի օրերի իրադարձությունների մեջ շատ քչերը նկատեցին կամ չնկատեցին էլ, որ յուրաքանչյուրը ներկայացրեց ինքն իրեն, իր հավակնությունները, իր մարդկային տեսակն ու հոգեբանությունը: Վահե Ավետյանի մահը և Ռուբեն Հայրապետյանի անձը դարձան հայելի, որ երևակեցին ով ով է, ով ինչ գին ունի: Ով ինչ է ուզում, ով ինչ է երազում: Ով ինչքանով է իր նկրտումները արժանիքներ կարծում ու սեփական անձի պանծացումը արդարության համար պայքար ձևակերպում: Սովորաբար այդպես են ապրում չկայացած մարդիկ, այդպիսին են նաև չկայացած հասարակությունները:
Հիմա ի՞նչ: Արդարությունը հաղթանակե՞ց:
Քաղաքացիական հասարակությունը (ասեմ, որ երբեք չեմ հասկացել` ովքեր են այդ հասարակությունը մարմնավորում և ինչպես, բայց համարյա միշտ իմացել եմ` ինչ գնով) Հայաստանում իր ակտիվում ևս մի հաղթանա՞կ ավելացրեց` համարյա Մաշտոցի պուրակ:
Թե՞ քրեաօլիգարխիկ համակարգը փլուզվեց:
Վաղվանից հանցագործությունների կտրուկ նվազու՞մ է գրանցվելու:
Բոլորը քաղաքակիրթ ու հանդարտաբարո՞ են դառնալու:
Հայաստանի տարածքում ծեծկռտուքներ ու սպանություններ չե՞ն լինելու:
Սպառվե՞ց քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը:
Իսկ Վահե Ավետյանի համար, համոզված եմ, միևնույն է:
ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. -Եվ, այնուամենայնիվ, եթե ինչ-որ մեկը հանկարծ ու որոշի համեմատել «Առագաստն» ու «Հարսնաքարը», թող սպասի մինչև հետաքննության ավարտն ու դատավարության ավարտը: Եզրակացությունները հուզական դաշտում և եզրակացությունները ռեալության մեջ իրենց հիմքում տարբեր ելակետեր են ունենում, բայց կարևորը, միևնույն է, վերջակետն է: Այս պատմության ոչ մեկնակետը, ոչ վերջակետը Ռուբեն Հայրապետյանինը չեն: